Գլխավոր էջ » Հոդվածներ » Աշխատանքային իրավունք » Աշխատանքային պայմանագիր

Ինչ է փորձաշրջանը

Աշխատանքային հարաբերությունների հաստատման  ընթացքում աշխատանքային պայմանագրում հաճախ սահմանվում է փորձաշրջան, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրեսգրքի 91-93-րդ հոդվածներով։

Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:  Նշված ձևակերպումից կարելի է եզրակացնել, որ փորձաշրջանը՝

  • կարող է սահմանվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ,
  • կարող է սահմանվել ինչպես գործատուի, այնպես էլ աշխատողի նախաձեռնությամբ և ցանկությամբ,
  • նախատեսվում է կողմերի միջև կնքվող աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման վերաբերյալ գործատուի անհատական իրավական ակտով /ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի ուժով/։

Փորձաշրջանը սահմանվում է աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման վերաբերյալ գործատուի անհատական իրավական ակտով, այսինքն՝ աշխատանքային հարաբերությունների առկայության պարագայում։ Ուստի խախտում են համարվում այն դեպքերը, երբ աշխատողի հետ»փորձաշրջան» անցնելու պատրվակով չեն կնքում աշխատանքային պայմանագիր։

Միևնույն ժամանակ աշխատանքային օրենսգրքի 91-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ արգելվում է փորձաշրջանի սահմանումը։ Մասնավորապես, փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում`

1) տասնութ տարին չլրացած անձինք.

2) ընտրովի պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաև պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած անձինք.

3) գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք.

4) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Փորձաշրջանի ժամկետը չի կարող 3 ամսից ավել լինել, բացառությամբ ՀՀ օրենսդությամբ նախատեսված դեպքերի, երբ թույլատրվում է սահմանել փորձաշրջան մինչև 6 ամիս ժամկետով։

Ընդ որում՝  փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները.

1) կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը.

2) կողմերի համաձայնությամբ (ներառյալ` չվճարվող) արձակուրդի ժամանակահատվածը.

3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.

4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը.

5) օրինական գործադուլի ժամանակահատվածը, եթե աշխատողը օրենքով սահմանված կարգով մասնակցում է գործադուլին:

      Փորձաշրջանի ընթացքում աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել ինչպես գործատուի, այնպես էլ աշխատողի նախաձեռնությամբ։ Մասնավորապես, եթե գործատուն գտնում է, որ նախատեսված աշխատանքում (պաշտոնում) աշխատողի համապատասխանության ստուգման նպատակով սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով աշխատողը չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչև փորձաշրջանի ժամկետը լրանալը աշխատողին ազատել աշխատանքից` այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով նրան: Այսինքն, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել մինչև փորձաշրջանի ժամկետի լրանալը։ Ինչ վերաբերում է աշխատողին, ապա այն դեպքերում, երբ փորձաշրջանը սահմանվել է աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար, ապա փորձաշրջանի արդյունքները գնահատում է աշխատողը: Փորձաշրջանի ընթացքում աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը` այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին:

Եթե փորձաշրջանի ժամկետի ավարտից հետո աշխատողը շարունակում է աշխատել, ապա նա համարվում է փորձաշրջան անցած, և գործատուն կարող է նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծել միայն աշխատանքային օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով։

 

 

 

Կատեգորիա: Աշխատանքային պայմանագիր | Ավելացրեց: իրավաբան (16.07.2015)
Դիտումներ: 4140 | Մեկնաբանություններ: 7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 7
avatar
0
1 Հովսեփ Հակոբյան • 12:56, 27.10.2016
փորձաշրջանը վճարվում է?
avatar
0
2 իրավաբան • 00:40, 18.02.2017
Այո, վճարվում է:
avatar
0
3 hasmikrafayelyan • 09:21, 07.11.2017
Կարող եք ասել, թե որ դեպքում է նախատեսվում 6-ամսյա ժամկետ:
avatar
0
4 իրավաբան • 15:28, 24.01.2018
Հարգելի Հասմիկ,
ՀՀ աշխատանքային օրենսգրքի նշված հոդվածը հղում է կատարում ՀՀ օրենսդրությանը` նշելով, որ մինչև 6 ամիս ժամկետով փորձաշրջան կարող է սահմանվել ՀՀ օրենսդրությամբ:
Նման դրույթ է պարունակում, օրինակ, "Քաղաքացիական ծառայության մասին" ՀՀ օրենքը, որի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
avatar
0
5 mariannamargaryan999 • 14:52, 27.08.2018
Ներեցեք, իսկ փորձաշրջանի համար արձակուրդային օրեր կուտակվու՞մ և ավելանու՞մ են: Օրինակ՝ եթե փորձաշրջանի պայմանագիրը 04.12.17-ից 05.03.18-ն է, որից հետո աշխատակիցը շարունակել է աշխատել, սակայն նոր պայմանագիր չի կնքվել, հաշվում ենք աշխատանքային տարին 04.12.17-03.12.18, թե՞ 06.03.18-05.03.19: Կանխավ շնորհակալ եմ:
avatar
0
6 naravardumyan • 16:32, 02.04.2020
Իսկ եթե փորձաշրջանի 3 ամիսը լրացել է,սակայն դեռ աշխատանքային պայմանագիր չի կնքվել, և աշխատակիցը 1 ամսից պետք է ֆիզարձակուրդ գնա։Ինչ պետք է անել նման դեպքում՞։
avatar
0
7 mts • 23:36, 16.06.2021
Ներեցեք, իսկ եթե աշխատանքային պայմանագիր է կնքվել, բայց աշխատողը աշխատանքի չի գնում տվյալ դեպքում պայմանագիրն ինքսինքյան լուծարվում է?
avatar