Գլխավոր էջ » Հոդվածներ » Աշխատանքային իրավունք » Աշխատանքային պայմանագիր

Ինչպես վարվել, եթե որոշել եք փոխել աշխատանքի վայրը
 

Հաճախ են պատահում դեպքեր, երբ աշխատողը ստանում է  աշխատանքի ավելի լավ ու շահավետ առաջարկ և որոշում է փոխել իր աշխատանքի վայրը: Նման որոշման հետ մեկտեղ առաջ են գալիս մի շարք հարցեր, այդ թվում՝ գործատուին ծանուցելու հետ կապված: Իսկ ինչ կարգավորում է նախատեսում աշխատանքային օրենսգիրքը այն դեպքերի համար, երբ աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատողի նախաձեռնությամբ:

Մասնավորապես, աշխատանքային օրենսդրության համաձայն՝ աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:

Այսինքն, երեսուն օրն այն նվազագույն ժամկետն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է ծանուցել գործատուին: Սակայն օրենսդրությամբ նախատեսված են ծանուցման ավելի կարճ ժամկետներ ևս: Մասնավորապես, աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ այդ մասին գործատուին առնվազն հինգ օր առաջ գրավոր ծանուցելով, եթե ՝

-  աշխատանքային պամանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ,

- կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան,

- եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը:

Ընդ որում ՝ աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցումը հետ վերցնել այն ներկայացնելու օրվանից հետո երեք օրվա ընթացքում, իսկ նշված ժամկետից հետո՝ միայն գործատուի համաձայնությամբ:

Աշխատանքային օրենսդրությունը կարգավորում է նաև  կողմերի փոխադարձ համաձայնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հետ կապված հարաբերությունները:

Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի համաձայն՝ կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատանքային պայմանագրի մի կողմը գրավոր ձևով առաջարկում է մյուս կողմին լուծելու պայմանագիրը: Առաջարկի հետ համաձայնվելու դեպքում մյուս կողմը պետք է յոթ օրվա ընթացքում իր համաձայնության մասին ծանուցի առաջարկ ներկայացրած կողմին: Եթե կողմերը համաձայնվում են լուծել պայմանագիրը, ապա այդ մասին կնքում են գրավոր համաձայնագիր, որում նշվում են պայմանագրի լուծման ժամկետը և այլ պայմաններ (հատուցումներ և այլն): Եթե պայմանագիրը լուծելու առաջարկություն ստացած կողմը  օրենսդրությամբ նախատեսված ժամկետում չի ծանուցում պայմանագիրը լուծելու իր համաձայնության մասին, ապա աշխատանքային պայմանագրի լուծման մասին առաջարկը համարվում է մերժված:

Աշխատանքային պայմանագրի լուծումը ավել դյուրին է  փորձաշրջանի ընթացքում: Մասնավորապես, փորձաշրջանի ընթացքում աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը` այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին:

Կատեգորիա: Աշխատանքային պայմանագիր | Ավելացրեց: իրավաբան (16.04.2016)
Դիտումներ: 643 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar