Գլխավոր էջ » Հոդվածներ » Աշխատանքային իրավունք » Աշխատանքային պայմանագիր

Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր` գործատուի զենքը թե ոչ:

Առօրյա կյանքում ականատես ենք լինում այնպիսի դեպքերի, երբ աշխատողի հետ կնքվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, որի ժամկետը լրանալուց հետո գործատուն լուծում է այն` այսպիսով ոտնահարելով աշխատողի իրավունքները: Որն է համարվում որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր և ինչպիսի դեպքերում է այն կարող կնքվել:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը կնքվում է`

1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.

2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

Այսինքն, ըստ էության, աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է աշխատանքային պայմանագիր, որում հստակ նշված է դրա գործողության ժամկետը /որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր/ և աշխատանքային պայմանագիր, որում գործողության ժամկետ նշված չէ /անորոշ ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագիր/:

Ընդ որում`որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր հնարավոր է կնքել միայն ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները: Այսինքն, աշխատանքային օրենսգիրքը հնարավոր է համարում որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը միայն այն դեպքում, երբ աշխատանաքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով, իսկ աշխատանքային հարաբերությունների` անորոշ ժամկետով որոշվելու անհնարինությունը կախված է կատարվելիք աշխատանքի բնույթից կամ կատարման պայմաններից: Նման ձևակերպումից ակնհայտ է, որ գործատուները խախատում են ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները, երբ որոշակի ժամկետով աշխատանաքային պայմանագիր են կնքում ու անձանց աշխատանքի են ընդունում այնպսի աշխատանքային գործառույթների կատարման նպատակով, որոնք չեն կրում ժամկետային բնույթ: Օրինակ, հեռախոսազանգերի կենտրոնի օպերատորի աշխատանքը չի կրում ժամկետային բնույթ, քանի որ հենց այդ օպերատորի աշխատանքից է, ըստ էության, կախված հեռախոսազանգերի կենտրոնի գործունեությունը:

Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է նաև այն դեպքերը, որոնց պարագայում նույնպես կնքվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`  որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև`

1) ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով.

2) համատեղությամբ աշխատանք կատարողների հետ.

3) սեզոնային աշխատանքներ կատարողների հետ.

4) ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ.

5) ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ.

6) օտարերկրացիների հետ` աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով:

Աշխատանքային օրենսդրությունը սահմանում է նաև որոշակի  ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծման կարգը: Մասնավորապես, նման պայմանագիրը գործողության ժամկետը լրանալու հիմքով կարող է լուծվել  ինչպես գործատուի, այնպես էլ աշխատողի նախաձեռնությամբ: Սակայն գործատուն պարտավոր է այդ մասին առնվազն 10 օր  առաջ  գրավոր ծանուցել աշխատողին:

Աշխատանքային օրենսգիրքը մանրամասն կարգավորում է որոշակի ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագրից ծագող հարաբերությունները` սահամնելով աշխատողի իրավունքների պաշտպանության որոշակի երաշխիքներ: Ուստի աշխատանքի ընդունվելիս պետք է անպայման հիշել վերոգրյալ դրույթների մասին` այդպիսով հնարավորինս պաշտպանելով ձեր իրավունքները և կանխելով գործատուի կամայականությունները:

 

 

Կատեգորիա: Աշխատանքային պայմանագիր | Ավելացրեց: իրավաբան (18.11.2014)
Դիտումներ: 932 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar