Գլխավոր էջ » Հոդվածներ » Բանկային իրավունք » Ավանդ

Ինչպես է երաշխավորվում բանկային ավանդների վերադարձը

 

Ներկայումս շատերն են խուսափում իրենց դրամական միջոցները որպես ավանդ ներդնելուց՝ հաշվի առնելով անցյալի դառը փորձը և փորձելով «չհրապուրվել» առևտրային բանկերի կողմից ներկայացվող շահավետ առաջարկներով և բարձր տոկոսադրույքներով։ Սակայն իրականում ներկայումս ստեղված են բոլոր իրավական երաշխիքները, որոնք ուղղված են ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների վերադարձի երաշխավորմանը։

Մասնավորապես, նշված իրավահարաբերերությունները կարգավորվում են «Ֆիզիկական անձնաց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով /այսուհետ՝ Օրենք/։

Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ բանկային ավանդ է համարվում`

ա) ավանդատուի կամ երրորդ անձի կողմից հօգուտ ավանդատուի բանկին տրամադրված կամ բանկում առկա դրամական գումարը, որը ենթակա է վերադարձման և (կամ) վճարման ավանդատուին.

բ) ավանդատուի բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ այլ հաշվի վրա գտնվող դրամական միջոցները.

գ) բանկի թողարկած անվանական արժեթղթերով ներգրավված դրամական միջոցները.

դ) «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված դրամական միջոցների վրա հաշվարկված տոկոսների գումարները:

Այսինքն, նշված օրենքի իմաստով երաշխավորվում է  ոչ միայն բանկի և քաղաքացու միջև ավանդային պայմանագրի հիման վրա որպես ավանդ ներդրված դրամական միջոցների, այլև հաշվարկային, ընթացիկ և այլ հաշվի վրա առկա դրամական միջոցների և բանկի թողարկած անվանական արժեթղթերով ներգրավված դրամական միջոցների վերադարձը։

Օրենքը նախատեսում է նաև այն դեպքերը, երբ ավանդները չեն համարվում երաշխավորված։ Այդպիսին է  համարվում այն ավանդը,

ա) որը պատկանում է տվյալ բանկի ղեկավարին և (կամ) նրա ընտանիքի անդամներին.

բ) որը պատկանում է տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին և (կամ) նրա ընտանիքի անդամներին.

գ) որի սեփականատերը (համասեփականատերը) հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից.

դ) որն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ դրա սեփականատերը հակառակը չի ապացուցել.

ե) որը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքը առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով:

Օրենքով նախատեսվում են  նաև ավանդների երաշխավորման չափերը։ Մասնավորապես, Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ երաշխավորված ավանդի չափերն են`

ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը չորս միլիոն հայկական դրամ է.

բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը երկու միլիոն հայկական դրամ է.

գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը երկու միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև չորս միլիոն հայկական դրամով.

դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է երկու միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` երկու միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Ընդ ոում՝ ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների և ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների:

Ավանդները հատուցվում են բանկին անվճարունակ ճանաչելու և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելն ի վիճակի չլինելու փաստը հաստատելու կամ բանկին սնանկ ճանաչելու դեպքում։

 

Շարունակելի․․․

 

 

Կատեգորիա: Ավանդ | Ավելացրեց: իրավաբան (09.06.2015)
Դիտումներ: 497 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar