Գլխավոր էջ » Հոդվածներ » Քաղաքացիական դատավարություն » Վարույթն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում

Ինչպես վարվել, եթե ստացել եք ծանուցագիր դատարանից

Հաճախ են պատահում այնպիսի իրավիճակներ, երբ անձը ստանում է դատական ծանուցագիր, որտեղ նշված է, որ վերջինիս դեմ ներկայացվել է հայցադիմում որոշակի պահանջով: Շատերն ուղղակիորեն անտեսում են դատական ծանուցագիրը` թողնելով այն տան մի անկյունում, մինչև պարզվում է, որ դատարանն արդեն կայացրել է վճիռ, որը մտել է օրինական ուժի մեջ է ենթակա է հարկադիր կատարման դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից: Որպեսզի չհայտնվեք նման իրավիճակում,անհրաժեշտ է բավարար ուշադրություն դարձնել դատական ծանուցագրին և կատարել որոշակի գործողություններ, որոնք ուղղված են ձեր իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան հայցադիմումը վարույթ ընդունելու դեպքում դատարանը պատասխանողին պատշաճ ձևով ուղարկում է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացնում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու համար նախատեսված իրավական հետևանքների մասին:

Եթե ստացել եք դատական ծանուցագիր և հայցադիմումի պատճենը և եթե համաձայն չեք հայցադիմումում նշված փաստարկներին, ապա պետք է անպայման ներկայանեք հայցադիմումի պատասխան: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Նույն հոդվածի համաձայն` նշված ժամկետում պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:  

Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի

1 ) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.

2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).

3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.

ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,

բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,

գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.

4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:

Պատասխանողը պետք է դատարանին ներկայացնի նաև  հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:

Եթե չեք ստացել հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը, ապա նպատակահարմար է մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելը ծանոթանալ դրանց` դատարանին գրավոր դիմում ներկայացնելով:

Եվ վերջապես, նպատակահարմար է մասնակցել դատական նիստին` ներկայանալով դատարան դատական ծանուցագրում նշված օրը և ժամին: Միայն նման կերպ կարող եք լիովին իրականացնել ձեր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

 

 

 

 

 

Կատեգորիա: Վարույթն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում | Ավելացրեց: իրավաբան (07.06.2015)
Դիտումներ: 582 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar