Գլխավոր էջ » Հոդվածներ » Քաղաքացիական իրավունք » Ժառանգություն

Ժառանգության ընդունման ժամկետ
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը մանրամասն կարգավորել է ժառանգության ընդունման հարցը: Առհասարակ ժառանգության ընդունման մասին պետք է խոսել անձի մահվան պարագայում, երբ վերջինիս գույքը որպես մեկ միասնական ամբողջություն փոխանցվում է որպես ժառանգություն մեկ կամ մի քանի ժառանգների:
Պրակտիկայում հատկապես խնդիրներ են առաջանում ժառանգության ընդունման ժամկետի պահպանության տեսանկյունից: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Իսկ ժառանգության բացման օր է համարվում քաղաքացու մահվան օրը: Համապատասխանաբար, ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգատուի մահվան օրվանից հետո 6-ամսյա ժամկետում:
Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է ժառանգության ընդունման երկու եղանակներ`
 
1. ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելու,
2. Գույքը փաստացի տիրապետելու և կառավարելու միջոցով:
 
Եթե առաջին եղանակի դեպքում խնդիրներ շատ չեն առաջանում, ապա նույնը չի կրելի պնդել  ժառանգության ընդունման երկրորդ եղանակի մասին: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`
 
1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.
3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
 
Իհարկե երկրորդ դեպքում էլ գույքը պետք է փաստացի տիրապետել կամ կառավարել քաղաքացիական օրենսգրքով սահմանված ժամկետում:
Այս պարագայում հիմնականում խնդիրներն առաջանում են, երբ առկա է դատական վեճ գույքը փաստացի տիրապետող ժառանգի և մյուս կամ հնարավոր ժառանգների միջև:
Որոշակի բարդություններ կարող են առաջանալ նաև այն դեպքում, երբ ժառանգը ինչ-ինչ պատճառներով բաց է թողել ժառանգությունը ընդունելու ժամկետը: Այս դեպքում, իհարկե, հնարավոր է դիմել դատարան ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելը հարգելի ճանաչելու պահանջով: Սակայն քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է որոշակի նախապայմաններ, որոնց առկայության պարագայում միայն ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելը կարող է համարվել հարգելի: Մասնավորապես, քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի համաձայն` դատարանը կարող է ժառանգի դիմումի հիման վրա վերջինիս ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:
Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է նաև ժառանգության ընդունման ժամկետի ավարտից հետո ժառանգությունն ընդունելու հնարավորություն, եթե առկա է ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգների համձայնությունը:
Չնայած օրենսդրական նման կարգավորման առկայությանը` պրակտիկայում առաջանում են որոշակի դժվարություններ և խնդիրներ, որոնք անմիջականորեն կապված են ժառանգությունն ընդունելու հետ: Այդ պատճառով էլ, եթե դուք հանդիսանում եք ժառանգ, անհարժեշտ է ժամանակին իրականացնել ժառանգությունն ընդունելու ձեր իրավունքը հետագա հնարավոր խնդիրներից ու բարդություններից խուսափելու նպատակով:
Կատեգորիա: Ժառանգություն | Ավելացրեց: իրավաբան (15.11.2014)
Դիտումներ: 1653 | - Վարկանիշ -: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar