Գլխավոր էջ » Հոդվածներ » Քրեական իրավունք և դատավարություն » Քրեական իրավունք

Ինչ է ցեղասպանությունը

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի` Ցեղասպանությունը, այսինքն՝ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով՝ այդ խմբի անդամներին սպանելը, նրանց առողջությանը ծանր վնաս պատճառելը, մանկածնությանը խոչընդոտելը, երեխաներին հարկադրաբար մարդկային այդ խմբից այլ խմբի հանձնելը, բռնությամբ վերաբնակեցնելը կամ այդ խմբի լիովին կամ մասամբ ֆիզիկական ոչնչացման նպատակով կյանքի այլ պայմաններ ստեղծելն է, որը պատժվում են ազատազրկմամբ՝ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Ընդ որում` ցեղասպանությունը կարող է դրսևորվել վերը նշված արարքների որևէ մեկի կատարմամբ: Արարքը ցեղասպանություն որակելու համար անհրաժեշտ է որոշակի նպատակի առկայությունը, այն է`  ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացումը:

ՀՀ քրեական օրենսգրքի 3971-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում նաև համակարգչային համակարգի միջոցով հանրությանը նյութեր տարածելու կամ որևէ այլ ձևով մատչելի դարձնելու միջոցով ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված այլ  հանցագործությունները հերքելու, մեղմացնելու, հավանություն տալու կամ արդարացնելու համար, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով: Նշված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ողղված ծանրագույն հանցագործություն ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի ուժով չունի վաղեմության ժամկետներ:

Այս ծանրագույն հանցագործությունն արգելված է ոչ միայն ներպետական օրենսդրությամբ, այլև միջազգային իրավունքի նորմերով: Մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1948թ. դեկտեմբերի 9ին ընդունել  է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան, որին ներկայումս անդամակցում են 144 պետություններ: Նշված կոնվենցիան արգելում է ցեղասպանությունն ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ պատերազմական գործողությունների ընթացքում: Կոնվենցիայի 2–րդ հոդվածը ցեղասպանություն է համարում այն գործողությունները, որոնք կատարվում են մի որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ։ Կոնվենցիայի իմաստով ցեղասպանություն է համարվում`

(ա) խմբի անդամների սպանությունը,

(բ) նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում պատճաոելը,

(գ) խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը,

(դ) խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները,

(ե) երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին։

Կոնվենցիայի համաձայն`  ցեղասպանության մեղավորները պետք է պատժվեն անկախ այն բանից, թե արդյոք նրանք սահմանադրական կարգով ընտրված կառավարողներ, հասարակական գործիչներ են թե մասնավոր անձինք, անկախ այն բանից, թե արդյոք նրանք մասնակցել են ցեղասպանության գործողություններին անձամբ, եղել են հանցագործության մեղսակից, մասնակցել են ցեղասպանության նպատակներով կազմակերպված դավադրության, ցեղասպանության հրահրման կամ ցեղասպանություն կատարելու փորձի:  Կոնվենցիան չի ընդունում  նաև ցեղասպանության համար պատժի դեպքում իրավաբանական վաղեմությունը:

 

 

 

 

Կատեգորիա: Քրեական իրավունք | Ավելացրեց: իրավաբան (14.04.2015)
Դիտումներ: 415 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar