Գլխավոր էջ » Հոդվածներ » Ընտանեկան իրավունք » Ամուսինների սեփականությունը

Ինչ է ամուսնական պայմանագիրը

 

ՀՀ ընտանեկան օրենսգիրքը նախատեսում է ամուսնական պայմանագրի վերաբերյալ դրույթներ, որը համարվում է ընտանեկան իրավունքի համեմատաբար նոր ինստիտուտներից մեկը:  Իսկ ինչ է ամուսնական պայմանագիրը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` ամուսնական պայմանագիրը համաձայնություն է, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և (կամ) այն լուծվելու ընթացքում: Նշված համաձայնությունը կարող է կնքվել ինչպես ամուսնացող անձանց, այնպես էլ  ամուսինների միջև: Սակայն եթե ամուսնական պայմանագիրը կնքվում է ամուսնացող անձանց միջև, ապա այն ձեռք է բերում իրավական ուժ միայն ամուսնությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՔԿԱԳ մարմնում գրանցելուց հետո:

Ամուսնական պայմանագիրը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման:

Ամուսնական պայմանագիրը, ինչպես արդեն նշվեց, կոչված է կարգավորելու ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները: Գործող օրենսդրության համաձայն` ամուսինները ամուսնական պայմանագրի միջոցով կարող են կարգավորել  գույքի նկատմամբ սեփականության իրավունքի հետ կապված հարցերը: Մասնավորապես, նրանք կարող են`

  • սահմանել ընդհանուր համատեղ սեփականության այլ ռեժիմ,
  • նշել, որ նրանցից յուրաքանչյուրի կողմից ձեռք բերված գույքը համարվում է նրանցից յուրաքանչյուրի անձնական սեփականությունը
  • որոշել համատեղ սեփականություն համարվող գույքի ճակատագիրը ամուսնալուծության պարագայում:

Ընդ որում` ամուսինները կարող են կարգավորել իրենց միջև առաջացող գույքային հարաբերությունները ինչպես առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվող գույքի նկատմամբ, ինչպես ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի, այնպես էլ դրա մի մասի նկատամբ:

Ամուսնական պայմանագրով կարող են սահմանվել նաև ամուսինների ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը, ինչպես նաև այլ գույքային բնույթի հարաբերություններ:

Ամուսնական պայմանագրի գործողությունը դադարում է ամուսնության դադարման պահից, բացառությամբ այն պարտավորությունների, որոնք ամուսնական պայմանագրով նախատեսված են ամուսնությունը դադարելուց հետո ընկած ժամանակաշրջանի համար։

Ըստ էության, ամուսնական պայմանագիրը հանդիսանում է ամուսինների միջև առաջացող գույքային հարաբերությունների օրենսդրական կարգավորման այլընտրանքը, որը, սակայն, ներկայումս պրակտիկայում գրեթե չի կիրառվում: 

Կատեգորիա: Ամուսինների սեփականությունը | Ավելացրեց: իրավաբան (27.12.2014)
Դիտումներ: 1048 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar