Գլխավոր էջ » Հոդվածներ » Քաղաքացիական դատավարություն » Սնանկություն

Երբ կարող է իրավաբանական կամ ֆիզիկական անձը սնանկ ճանաչվել

«Սնանկության մասին» ՀՀ օրենքը սահմանում է այն դեպքերը, երբ պարտապանը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով, երբ վերջինս անվճարունակ է: Ընդ որում՝ օրենքը տարանջատում է սնանկության դիմում ներկայացնելու երկու ձև՝ կամավոր, երբ անձը սնանկության է գնում սեփական նախաձեռնությամբ և հարկադրված, երբ անձին սնանկ ճանաչելու դիմումը  ներկայացնում է պարտատերը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում է պարտատիրոջ նախաձեռնությամբ  անձին սնանկ ճանաչելու հնարավորությունը, մասնավորապես.

եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։

Ընդ որում՝ վճարային պարտավորությունն համարվում է անվիճելի է, եթե անձը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

Այսինքն, եթե անձն ունի նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող վճարային պարտավորություն և թույլ է տալիս նշված պարտավորության 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, ապա վերջինս կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով պարտատիրոջ նախաձեռնությամբ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում է նաև այն դեպքերը, երբ անձը կարող է սեփական նախաձեռնությամբ դիմում ներկայացնել դատարան սնանկ ճանաչվելու համար, մասնավորապես.

ա/ իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը,

բ/ ֆիզիկական անձի դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն) պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը,

գ/  իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ պարտապանի հանրային իրավական դրամական պահանջներով կատարման ենթակա պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը,

դ/  ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն) պարտապանի հանրային իրավական դրամական պահանջներով կատարման ենթակա պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը ։

 

 

Կատեգորիա: Սնանկություն | Ավելացրեց: iravaban1 (23.08.2015)
Դիտումներ: 1873 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar