Գլխավոր էջ » Հոդվածներ » Ընտանեկան իրավունք » Ամուսինների սեփականությունը

Ամուսինների ընդհանուր սեփականությունը

Ամուսինները, գրանցելով իրենց ամուսնությունը, միևնույն ժամանակ կարող են կնքել ամուսնական պայմանագիր, որով կարող են նախատեսել իրենց ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ իրենց ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ իրենցից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ։ Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ։ Ընդ որում՝ ամուսնական պայմանագիրը պետք է կնքվի գրավոր և ենթարկվի նոտարական վավերացման:

Ամուսինների միջև ամուսնական պայմանագրի բացակայության դեպքում գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի այն նորմը, համաձայն որի՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, իսկ մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:

Անհատական օգտագործման գույքը  (հագուստը, կոշիկը և այլն) եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է: Այս կանոնից բացառություն է սահմանվում թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների համար, որոնք եթե ձեռք են բերվում ամուսնության ընթացքում, ապա համարվում են ամուսինների համատեղ սեփականությունը:

Պրակտիկայում խնդիրներ են առաջանում հարսանեկան արարողության ժամանակ նվիրված ոսկյա իրերի պատկանելության հետ կապված: Իրականում շատ դժվար է հստակ որոշելը, արդյոք այդ նվերները հանդիսանում են ամուսիննների համատեղ սեփականությունը թե ոչ: Տարբեր մասնագետներ տարբեր մեկնաբանություններ են անում: Սակայն ընդհանուր մոտեցումը այսպիսին է. Հարսանեկան արարողության ժամանակ որպես նվեր ստացված ոսկյա իրերը  համարվում են ամուսինների համատեղ սեփականությունը, եթե դրանք նվիրել են երկու ամուսիններին միասին` որպես հարսանեկան նվեր: Սակայն եթե նվերն ուղղված է եղել կամ ամուսնուն, կամ կնոջը, ապա այս պարագայում նշված նվերըչի կարող համարվել համտեղ սեփականություն, քանի որ նվերը ստացել են ոչ թե ամուսինները, այլ նրանցից մեկը:

Խնդիրներ են առաջանում նաև այն դեպքերում, երբ համատեղ ամուսնական գույքը տնօրինվում է ամուսիններից մեկի կողմից:   ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ  համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը: Համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

Ընդ որում՝ գործարքի հետ չհամաձայնվող կողմը յուրաքանչյուր դեպքում պետք է ապացուցի հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայությունը.

  1. Համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայությունը.

 2. Գործարքի մյուս կողմի այդ մասին իմանալը կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայությունը:

 

Փաստորեն, համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված ընդհանուր սեփականության տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու համար էական է ինչպես գործարքի կնքման պահին առկա անհամաձայնությունը, այնպես էլ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության և այդ մասին մյուս կողմի իմանալու կամ իմանալու ակնհայտ հնարավորության առկայությունը հիմնավորող ապացույցների ներկայացման անհրաժեշտությունը:

Կատեգորիա: Ամուսինների սեփականությունը | Ավելացրեց: իրավաբան (19.11.2014)
Դիտումներ: 591 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar