Գլխավոր էջ » Հոդվածներ » Ընտանեկան իրավունք » Ամուսնություն և ամուսնալուծություն

Ամուսնալուծություն

ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ ամուսնալուծությունը հանդիսանում է ամուսնության դադարման հիմքերից մեկը: Այն կատարվում է ՔԿԱԳ մարմիններում /ՀՀ ընտանեկան օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով/ կամ դատական եղանակով:

Ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմիններում ամուսինների միջև  միայն ամուսնալուծության վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում:

Սակայն ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծությունը կարող է կատարվել նաև ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, եթե մյուս ամուսինը՝

ա) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.

բ) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.

գ) դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով:

Ընդ որում՝ ամուսինների ընդհանուր գույքի բաժանման, անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոցը հոգալու վերաբերյալ վեճերը, ինչպես նաև երեխաների պատճառով ամուսինների միջև ծագող վեճերը քննարկվում են դատական կարգով՝ անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնությունը լուծելուց:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝

ա) բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը.

բ) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց.

գ) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:

Ամուսնալուծության վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում սատարանը լուծում է ամուսնությունը ամուսնալուծության վերաբերյալ դիմում տալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:

Օրենսդրությամբ սահմանվել է հարցերի այն շրջանակը, որոնց պետք է անդրադառնա դատարանը ամուսնալուծության գործը քննելիս:  Մասնավորապես, ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է

ա) որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները.

բ) որոշել, թե որ ծնողից և ինչ չափով պետք է ալիմենտ (ապրուստավճար) բռնագանձվի.

գ) ամուսինների (ամուսիններից մեկի) պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանումը.

դ) ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը։

 

ՀՀ ընտանեկան օրենսդրությունը դատարանին լիազորություն է վերապահել ամուսիններին հաշտեցնելու նպատակով գործի քննությունը հետաձգելու մինչև երեք ամիս ժամկետով: Բացի այդ ներկայումս  օրենսդրությունը հնարավորություն է ընձեռել դատարանին առաջարկելու ամուսիններին գործը լուծել հաշտարարության միջոցով` պարզաբանելով վերջինիս էությունը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար:Որոշ դեպքերում ամուսինները կարող են գործի քննությունը հանձնել առևտրային արբիտրաժին: Մասնավորապես, այն դեպքերում երբամուսինների ընդհանուր գույքի բաժանումը չի շոշափում երրորդ անձանց շահերը, ապա ամուսիններն իրենց ընդհանուր գույքը բաժանելու հետ կապված վեճը փոխադարձ համաձայնությամբ կարող են հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան: Արբիտրաժային համաձայնությունը չի սահմանափակում ամուսնու գույքը բաժանելու հետ կապված վեճը դատարան հանձնելու իրավունքը, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը:

ՀՀ ընտանեկան օրենսգիրքը սահմանել է որոշ երաշխիքներ հղի կանանց համար: Մասնավորապես, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 13-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:

 

 

 

 

 

 

Կատեգորիա: Ամուսնություն և ամուսնալուծություն | Ավելացրեց: իրավաբան (06.03.2016)
Դիտումներ: 747 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar