Գլխավոր էջ » Հոդվածներ » Ընտանեկան իրավունք » Գույքային իրավունքներ և պարտականություններ

Երբ է ծնողը պարտավոր վճարել ալիմենտ

Յուրաքանչյուր երեխա ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված որոշակի իրավունքներ, այդ թվում` գույքային: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածը նվիրաված է երեխայի գույքային իրավունքներին: Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան իր ծնողներից և ընտանիքի այլ անդամներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունի:

Ծնողների` երեխայի ապրուստը հոգալու պարտականությունը սահմանված է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 68-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն` ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին։ Երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն։Այսինքն, ցանկացած պարագայում, երեխայի ապրուստը հոգալը համարվում է ծնողի պարտականությունը, և ծնողի կողմից երեխային ապրուստի միջոց չտրամադրելու պարագայում, երեխային պահելու համար միջոցները /ալիմենտը/ ծնողից բռնագանձվում են դատական կարգով:

Ընդ որում` ՀՀ ընտանեկան օրենսգիրքը հնարավորություն է տալիս ծնողներին կնքելու ալիմնտ վճարելու վերաբերյալ համաձայնություն, որով կկարգավորվեն ալիմենտի վճարման կարգը, չափն ու պայմանները:

Երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝ հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝

ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը.

բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը.

գ) երեք և ավելի երեխաների համար՝ կեսը։

 Վերը նշված ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս` գործազրկության նպաստի 20 տոկոսից:

Ալիմենտը չափերը կարող են դատարանով նվազեցվել կամ ավելացվել` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածը սահմանում է նաև կայուն դրամական գումարով ալիմենտի վճարման հնարավորություն:Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասի համաձայն`ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և' դրամական կայուն գումարով, և' բաժիններով: Նշված  նորմերը կիրառվում են, եթե այդ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին, ինչպես նաև այն դեպքերում, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը՝

ա) ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ.

բ) վաստակ և (կամ) այլ եկամուտ է ստանում բնամթերքի տեսքով կամ արտարժույթով.

գ) վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի:

 Կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը։

 

Կատեգորիա: Գույքային իրավունքներ և պարտականություններ | Ավելացրեց: իրավաբան (16.09.2015)
Դիտումներ: 728 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar