Գլխավոր էջ » Հոդվածներ » Քաղաքացիական իրավունք » Այլ

Ինչ է հայցային վաղեմությունը

Հայցային վաղեմության հասկացությունը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածում, որի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Այսինքն, դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում անձն իրավունք ունի դիմել դատարան իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով:

Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը 3 տարի է, իսկ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:  Այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ: Իսկ  այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ առաջանում է պարտավորության կատարում պահանջելու իրավունք, իսկ եթե պարտապանին արտոնյալ ժամկետ է տրամադրվել պահանջը կատարելու համար, հայցային վաղեմության հաշվարկն սկսվում է այդ ժամկետի ավարտից հետո: Ենթադրենք, դուք կնքել եք վարձակալության պայմանագիր և ձեր գույքը հանձնել եք վարձակալության: Պայմանագրի համաձայն` վարձակալը պարտվոր է մինչև հաջորդ ամսվա 15-ը վճարել նախորդ ամսվա վարձավճարը: Եթե վարձակալը չի կատարում իր պայմանագրային պարտականությունները և, ենթադրենք` հունիսի 15-ին չի վճարում մայիս ամսվա վարձավճարը,  ապա հայցային վաղեմության ժամկետը ձեզ համար հաշվարկվում  հունիսի 16-ից:  Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով: Ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ: Այսինքն, եթե դուք ձեր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով հայց ներկայցնեք դատարան, ապա հյցային վաղեմութայն ժամկետը կընդհատվի:

Եթե դուք դատարան եք դիմել հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո,ապա ցանկացծ պարագայում ձեր պահանջը ենթակա է քննության դատարանում:Սակայն վիճող կողմի դիմումի առկայության դեպքում դատարանը կկիրառի հայցային վաղեմության ժամկետ: Այս դեպքում կայացվում է հայցը մերժելու վերաբերյալ վճիռ:

Իհարկե, բացառիկ դեպքերում դատարանը անձի դիմոմի հիման վրա կարող է հարգելի ճանաչել հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու հանգամանքը:

 

Օրենքով կարող են նխատեսվել նաև հայցային վաղեմության հատուկ ժամկետներ: Օրինակ, եթե անձի իրավունքի խախտումը նրա համար առաջացրել է վնաս, և խախտումը կապված է սույն օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքման կամ դրանց կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության հետ, ապա վնասի հատուցման պահանջներով հայցային վաղեմության ժամկետը սահմանափակվում է 10 տարով՝ այն գործողության կատարման օրվանից հաշված, որն առաջացրել է վնաս:

Հայցային վաղեմության հատուկ ժամկետներ են նախատեսված նաև առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման և վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու հայցերի համար: Մասնավորապես, առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել դրա կատարման օրվանից տասը տարվա ընթացքում, իսկ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, եթե գործարքը կնքվել է բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ, դրա դադարման օրվանից (313 հոդվածի 1-ին կետ) կամ այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:

 Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված են նաև պահանջների որոշ տեսակներ, որոնց վրա հայցային վաղեմությունը չի տարածվում: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմությունը չի տարածվում`

1) անձնական ոչ գույքային իրավունքների և այլ ոչ նյութական բարիքների պաշտպանությանն ուղղված պահանջների վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

2) ավանդները վերադարձնելու վերաբերյալ ավանդատուների կողմից բանկին ներկայացվող պահանջների վրա.

3) քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների վրա: Սակայն նման վնասի հատուցման իրավունքի ծագման պահից երեք տարի անցնելուց հետո ներկայացված պահանջներն անցյալ ժամանակի համար բավարարվում են ոչ ավելի, քան հայցի ներկայացմանը նախորդած երեք տարիների համար.

4) սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ (հոդված 277).

5) սեփականատիրոջ` պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտը, որով խախտվել են սեփականատիրոջ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքները, անվավեր ճանաչելու մասին պահանջների վրա.

6) օրենքով սահմանված այլ պահանջների վրա:

 

 

Կատեգորիա: Այլ | Ավելացրեց: իրավաբան (20.06.2015)
Դիտումներ: 3639 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar