Գլխավոր էջ » Հոդվածներ » Քաղաքացիական իրավունք » Այլ

Լիազորագիր

Հաճախ են պատահում դեպքեր, երբ ինչ-ինչ պատճառներով անձը չի կարողանում անձամբ կատարել որոշակի գործողություններ կամ կնքել որոշակի գործարքներ (օրինակ, զբաղվածության, երկրից բացակայելու պատճառով և այլն): Նման դեպքերում անձը կարող է լիազորել մեկ այլ անձի` հանդե գալու իր անունից: Այս պարագայում կազմվում է լիազորագիր:

Լիազորագրի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:

Լիազորագրում պետք է հստակ նշվեն այն գործողությունները, որոնք իրավասու է կատարել լիազորված անձը: «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոտարը լիազորված անձի լիազորությունների շրջանակը որոշելիս պետք է ելնի միայն լիազորագրի բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Լիազորագրով պետք է իրականացվեն միայն դրանում նախատեսված գործողություններ, կամ կնքվեն դրանում նախատեսված գործարքներ: Նոտարն իրավունք չունի լիազորագրի մեկնաբանման միջոցով լրացուցիչ լիազորություններ տալ կամ լիազորություններից զրկել անձին:

 ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն ներկայացվողի համար: Սակայն, այլ անձի անունից գործելու լիազորության բացակայությամբ կամ նման լիազորությունների սահմանազանցմամբ գործարքը կնքված է համարվում այն կնքած անձի անունից և ի շահ նրա, եթե մյուս անձը (ներկայացվողը) հետագայում ուղղակի հավանություն չի տալիս տվյալ գործարքին: Ուստի լիազորագիր կազմելիս լիազորված անձի լիազորությունների սահմանմանը պետք է առանձնակի ուշադրություն դարձնել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոտարական ձև պահանջող գործարքներ  (օրինակ, գործարքներ, որոնց  առարկան անշարժ գույքն է)կնքելու համար լիազորագիրը պետք է վավերացնի նոտարը: Նոտարի վավերացրած լիազորագրերին հավասարեցվում են`

1) հոսպիտալներում, առողջարաններում և զինվորական այլ բուժական հաստատություններում բուժման մեջ գտնվող զինծառայողների ու մյուս անձանց լիազորագրերը` վավերացված այդ հաստատության պետի, բուժական մասի գծով նրա տեղակալի, ավագ կամ հերթապահ բժշկի կողմից.

2) զինծառայողների լիազորագրերը, իսկ զորամասերի, զորամիավորումների, զինվորական հաստատությունների և ռազմաուսումնական հաստատությունների տեղաբաշխման այն վայրերում, որտեղ չկան նոտարական գրասենյակներ ու նոտարական գործողություններ կատարող այլ մարմիններ, ինչպես նաև բանվորների և ծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողների ընտանիքների անդամների լիազորագրերը` վավերացված այդ զորամասերի, զորամիավորումների, զինվորական հիմնարկների կամ հաստատությունների հրամանատարի (պետի) կողմից.

3) ազատազրկման վայրերում գտնվող անձանց լիազորագրերը` վավերացված ազատազրկման համապատասխան հաստատության պետի կողմից.

4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող չափահաս գործունակ քաղաքացիների լիազորագրերը` վավերացված նման հաստատության տնօրինության կամ բնակչության սոցիալական պաշտպանության համապատասխան մարմնի ղեկավարի (նրա տեղակալի) կողմից:

Նոտարական կարգով պետք է վավերացվի նաև վերալիազորման  կարգով տրված լիազորագիրը:  Նոտարը վավերացնում է լիազորագիրը մեկ կամ մի քանի անձանց անունից մեկ կամ մի քանի անձանց անունով:

Լիազորագրում պետք է հստակ նշված լինի դրա տրման ամսաթիվը: Լիազորագիրը, որում նշված չէ դրա կատարման տարին, ամիսը և ամսաթիվը, առոչինչ է: Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Լիազորագիր կազմելիս վերը նշված կանոնները պետք է հստակ պահպանվեն:

 

 

Կատեգորիա: Այլ | Ավելացրեց: իրավաբան (24.01.2018)
Դիտումներ: 3820 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar