Գլխավոր էջ » Հոդվածներ » Քաղաքացիական իրավունք » Պարտավորության ապահովում

Ինչ է գրավը

 

Բոլորս էլ հաճախ լսում ենք, որ բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրում են վարկեր շարժական ու անշարժ գույքի գրավադրմամբ: Իսկ ինչ է իրականում գրավը, և ինչպիսի առանձնահատկություններ ունի գրավի պայմանագիրը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն`  գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

Այսինքն ` գրավի իրավունքը

- գրավառուի գույքային իրավունքն է պարտապանի գույքի նկատմամբ

- միջոց է ապահովելու գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած պարտավորության կատարումը:

Գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար: Այսինքն, գրավի մասին կարող ենք խոսել միայն այն դեպքում, երբ առկա է հիմնական պարտավորությունը, որի կատարումը ապահովում է գրավը: Հետևաբար, գրավի իրավունքը դադարում է հիմնական պարտավորության կատարմամբ: Օրինակ, եթե դուք բանկի հետ կնքել եք վակային պայմանագր, որի կատարումը երաշխավորվել է ձեզ սեփականության իրավունքով պատկանող գույքի գրավադրմամբ, ապա բանկի գրավի իրավունքը դադարում է ձեր կողմից վարկային պարտավորությունների լրիվ կատարման դեպքում: Իհարկե, եթե գրավի իրավունքը ստացել է պետական գրանցում/օրինակ, անշարժ գույքի գրավի դեպքում/, ապա անհրաժեշտ է ձեռնարկել նաև համապատասխան միջոցներ գրավի իրավունքի պետական գրանցումը դադարեցնելու և գույքի նկատմամբ առկա սահմանափակումները վերացնելու ուղղությամբ:

Քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` գրավով ապահովված պարտավորության պարտատերը (գրավառուն) պարտապանի կողմից այդ պարտավորությունը չկատարելու դեպքում գույքի տիրոջ (գրավատուի) մյուս պարտատերերի հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի: Այսինք, եթե դուք ի ապահովում որևէ պարտավորության կատարման գրավադրել եք ձեզ սեփականության իրավունքով պատկանող գույքը, ապա այդ պարտավորության չկատարման դեպքում գրավառուն իրավունք ունի առաջնայության կարգով բավարարում ստանալ հենց գրավադրված գույքի արժեքից, քանի որ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է, որ գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում: Ընդ որում` եթե գրավի պայմանագրով նախատեսված է առանց դատարան դիմելու գրավի առարկայի նկատմամբ բռնագանձում տարածելու  գրավառուի իրավունքը, ապա գրավռուն կարող է բռնագանձման ծանուցմամբ առանց դատարան հայց ներկայացնելու բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա և ստանալ իր պահանջների բավարարում:

Գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք: Ընդ որում` գրավատուն իրավունք ունի օգտագործել տնօրինել գրավադրված գույքը, եթե այլ բան նախատեսված չէ գրավի պայմանագրով:

 

 

Կատեգորիա: Պարտավորության ապահովում | Ավելացրեց: իրավաբան (07.12.2014)
Դիտումներ: 1154 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar