Գլխավոր էջ » Հոդվածներ » Քաղաքացիական իրավունք » Պարտավորության ապահովում

Ինչ է երաշխավորությունը

Շատերն են հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ընկերներից կամ բարեկամներից մեկը խնդրել է երաշխավորել իրենց պարտավորության կատարումը` կնքելով երաշխավորության պայմանագիր: Սակայն ոչ բոլորը իրական պատկերացում ունեն երաշխավորության և դրա իրավական հետևանքների վերաբերյալ: Իսկ ինչ է իրենից ներկայացնում երաշխավորությունը և ինչպիսի հետևանքներ ունի:

Երաշխավորությունը պարտավորությունների կատարման ապահովման միջոց է: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար: Ենթադրենք` ձեր ընկերը ցանկանում է վարկ ստանալ բանկից կամ վարկային կազմակերպությունից և խնդրում է ձեզ երաշխավորության պայմանագիր կնքել իրեն վարկ տրամադրող բանկի կամ վարկային կազմակերպության հետ: Դուք, կնքելով նման պայմանագիր, այդպիսով երաշխավորում եք ձեր ընկերոջ կողմից պարտավորությունների պատշաճ կատարումը: Սակայն երաշխավորը նույնպես կարող է կրել պատասխանատվություն և ունենալ պարտավորություններ այն դեպքում, երբ պարտապանը չի կատարում պարտատիրոջ հանդեպ ստանձնած իր պարտավորությունները:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը` ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած` պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:

Ենթադրենք` դուք հանդիսանում եք ձեր ընկերոջ երաշխավորը, և վերջինս չի կատարում իր պարտավորությունները:  Այդ դեպքում պարտատերը կարող է ձեզ ներկայացնել ձեր ընկերոջ պարտավորությունների կատարման պահանջ: Այդ դեպքում դուք` որպես երաշխավոր, պարտավորեք կատարել ձեր ընկերոջ պարտավորությունները:  Իհարկե, հետագայում դուք ձեռք կբերեք պահանջի իրավունք ձեր ընկերոջ հանդեպ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածի ուժով, որի 1-ին մասի համաձայն` պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները և պարտատիրոջ` որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը: Երաշխավորն իրավունք ունի նաև պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու, պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ, իր կրած այլ վնասները:

Ցանկացած պարագայում մինչև երաշխավորության պայմանագիր կնքելը և երաշխավորի պարտականություններ ստանձնելը, մտածեք հնարավոր անբարենպաստ հետևանքների, այդ թվում` պարտավորությունը չկատարելու դեպքում ձեր դեմ` որպես երաշխավորի դատարան հայցադիմումի ներկայացման հնարավորության առկայության մասին:

 

 

 

 

 

Կատեգորիա: Պարտավորության ապահովում | Ավելացրեց: իրավաբան (31.05.2015)
Դիտումներ: 1206 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar