Գլխավոր էջ » Հոդվածներ » Քաղաքացիական իրավունք » Պարտավորության ապահովում

Ինչ պետք է իմանան երաշխավորներն երաշխավորության պայմանագիր ստորագրելիս

Ներկայումս բանկերն ու վարկային կազմակերպությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց հաճախ տրամադրում են վարկեր, որոնց վերադարձը ապահովված է երրորդ անձանց երաշխավորությամբ: Երաշխավորների հետ հարաբերությունները կարգավորվում են պայմանագրային հիմքունքներով:  Նշված հարաբերությունները ստացել են նաև մանրամասն օրենսդրական կարգավորում:

Մասնավորապես, երաշխավորության, որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոցի հետ կապված իրավահարաբերությունները իրենց կարգավորումն են ստացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-382-րդ հոդվածներում: Բացի այդ  ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 04.08.2017թ. ընդունել է  «Բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակների եվ ընթացակարգերի պահանջները» կանոնակարգ 8/06-ը, որով մանրամասն սահմանվում են երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոնները:

Մինչև երաշխավորության պայմանագիր կնքելը, յուրաքանչյուր անձ պետք է իմանա այն իրավունքները, որոնցով վերջինս օժտված է ՀՀ գործող օրենսդրությամբ: Մասնավորապես, երաշխավորների համար գործում են հետևյալ կանոնները.

  • Երաշխավորը պարտապանին մատուցած ծառայությունների համար ունի վարձատրության իրավունք, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
  • Երաշխավորն իրավունք ունի պարտատիրոջ պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք կարող էր ներկայացնել պարտապանը, եթե այլ բան չի բխում երաշխավորության պայմանագրից: Երաշխավորը չի կորցնում առարկելու իրավունքը նույնիսկ այն դեպքում, երբ պարտապանը դրանցից հրաժարվել է կամ ընդունել է իր պարտքը:
  • Պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները և պարտատիրոջ` որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը: Երաշխավորն իրավունք ունի նաև պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու, պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ, իր կրած այլ վնասները:
  • Երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը կատարած պարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել երաշխավորին: Հակառակ դեպքում, իր հերթին պարտավորությունը կատարած երաշխավորն իրավունք ունի պարտատիրոջից բռնագանձել անհիմն ստացածը կամ հետադարձ պահանջ ներկայացնել պարտապանին:
  • Երաշխավորության պայմանագիր կնքելուց առաջ Կազմակերպությունը պետք է երաշխավորին տրամադրի առանձին փաստաթուղթ, որում մատչելի ձևով շարադրվում է, որ երաշխավորը ցանկանում է երաշխավորություն տրամադրել և գիտակցում է երաշխավորության տրամադրման հետևանքները, այդ թվում՝ պարտապանի կողմից իր պարտավորությունը չկատարելու դեպքում պարտավորության, տույժերի ու տուգանքների ամբողջական կատարումը երաշխավորի կողմից, վարկառուի կողմից իր պարտավորությունը չկատարելու դեպքում երաշխավորի վարկային պատմության վատանալը, ընդհուպ մինչև երաշխավորի գույքից զրկվելը, որի մասին երաշխավորը ստորագրում է:
  • Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի (այդ թվում` վարկի մարման ժամանակացույցի) մեկական օրինակ:
  • Կազմակերպությունը երաշխավորի պահանջով երաշխավորությամբ ծագող հարաբերությունների ամբողջ ընթացքում տրամադրում է նրան վարկի (պարտավորության) մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն:
  • Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է հաղորդակցման առնվազն երեք եղանակի ընտրության հնարավորություն (ընդ որում՝ Կազմակերպության տարածքում տեղեկատվության առձեռն հանձնման եղանակը չի կարող լինել միակ հաղորդակցման եղանակը) և բացատրում ընտրված միջոցով հաղորդակցման էությունը,
  • Վարկառուի՝ մարման ժամանակացույցով սահմանված պարտավորության կատարման օրից առնվազն 1 օր առաջ Կազմակերպությունը պարտավոր է երաշխավորին ծանուցել մարման ենթակա պարտավորության առկայության մասին,
  • Կազմակերպությունը երաշխավորին ծանուցում է երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի պայմանների էական փոփոխությունների (տոկոսադրույք, միջնորդավճար, տույժ, տուգանք, ժամկետ, վարկի չափ (միայն լրացուցիչ վարկավորման դեպքում)) մասին դրանց ուժի մեջ մտնելուց յոթ օր առաջ:  Կազմակերպությունը երաշխավորին ծանուցում է նաև երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրի դադարեցման մասին դրա դադարեցումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում,
  • Պարտապանի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորության կետանցի դեպքում Կազմակերպությունը պետք է երաշխավորին տեղեկացնի այդ մասին ոչ ուշ, քան կետանցի հաջորդ օրը՝ նշելով ընդհանուր պարտավորության չափը և դրա բացվածքը՝ առանձին պարտավորության մայր գումարը, պարտավորության մնացորդը, տոկոսները, տույժերը, տուգանքները (առկայության դեպքում):

Իմացե’ք Ձեր իրավունքները, որպեսզի կարողանաք դրանք պաշտպանել:

Կատեգորիա: Պարտավորության ապահովում | Ավելացրեց: իրավաբան (16.02.2018)
Դիտումներ: 666 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar