Գլխավոր էջ » Հոդվածներ » Այլ » Պետության և իրավունքի տեսություն

Իրավունքի և օրենքի անալոգիա

 

Իրավունքը դինամիկ երևույթ է․ հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ  օրենսդիրն ընդունում է նոր իրավական ակտեր, որոնք ուղղված են փոփոխված հասարակական հարաբերությունների կարգավորմանը։

Սակայն հանդիպում են իրավիճակներ, երբ արդեն իսկ ձևավորված և առկա հասարակական հարաբերությունների պայմաններում բացակայում են այդ հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը։ Այս պարագայում «օգնության» է հասնում անալոգիան։

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ծագած հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով կամ իրավական այլ ակտերով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կարող են միայն օրենքով նախատեսված դեպքերում կիրառվել համանման հարաբերություններ կարգավորող իրավական ակտերը (անալոգիա):

Նշված հոդվածի ձևակերպումից բխում է, որ անալոգիայի կիրառումը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ դա նախատեսված է օրենքով։ 

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտավորություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցները և դրանց կիրառման կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարման կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները և կարգը:

Այսինքն,  արգելվում է այն իրավական նորմերի կիրառումը, որոնք ֆիզիակական և իրավաբանական անձանց  համար նախատեսում են նոր պարտականություններ կամ պատասխանատվություն։

Անալոգիայի կիրառումը, հիմնականում, թույլատրվում է քաղաքացիաիրավական հարաբերություններում։ Ընդ որում՝ քաղաքացիական օրենսգիրքը տարբերակում է օրենքի և իրավունքի անալոգիան։ Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այն դեպքում, երբ քաղաքացիական հարաբերություններն  ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, և բացակայում է դրանց նկատմամբ կիրառելի գործարար շրջանառության սովորույթը, նման հարաբերությունների նկատմամբ, եթե դա չի հակասում դրանց էությանը, կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող քաղաքացիական օրենսդրության նորմերը (օրենքի անալոգիա):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում կողմերի իրավունքները և պարտականությունները որոշվում են` ելնելով քաղաքացիական օրենսդրության սկզբունքներից (իրավունքի անալոգիա):

Իրավունքի և օրենքի անալոգիայի կիրառումն իրականում բավականին բարդ է և պահանջում է որոշակի կանոնների պահպանում։ Մասնավորապես,իրավունքի և օրենքի անալոգիայի կիրառման համար  անհրաժեշտ է․

  •   որոշել, թե արդյոք նշված հասարակական հարաբերությունները ունեն իրավական բնույթ և պահանջում են իրավական լուծում ու կարգավորում,
  • համոզվել, որ բացակայում է նշված հարաբերության իրավական կարգավորումը,
  • գտնել օրենսդրական այնպիսի մի նորմ, որը կարգավորում է համանման հասարակական հարաբերությունները, իսկ նման նորմի բացակայության դեպքում  որոշել իրավունքի ընդհանուր սկզբունքները և դրանց հիման վրա կարգավորել չկարգավորված հասարակական հարաբերությունը,
  •  հստակ պատճառաբանել և հիմնավորել տվյալ հասարակական հարաբերությունների նկատմամբ օրենքի կամ իրավունքի անալոգիայի կիրառությունը։

Իրավունքի և օրենքի անալոգիայի կիրառումը գործուն միջոց է օրենսդրական կարգավորման բացերի կարգավորման համար, սակայն միևնույն ժամանակ ոչ բոլոր ոլորտներում է թույլատրվում անալոգիայի կիրառումը։ Օրինակ, ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է:

Կատեգորիա: Պետության և իրավունքի տեսություն | Ավելացրեց: իրավաբան (29.06.2015)
Դիտումներ: 3202 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar