Գլխավոր էջ » Հոդվածներ » Քաղաքացիական դատավարություն » Դատական ակտերի հարկադիր կատարում

Դատական ակտերի հարկադիր կատարման էությունը

Այն դեպքերում, երբ Ձեր օգտին կայացված դատական ակտը /քաղաքացիական գործերով կայացված վճիռներ, արբիտրաժային տրիբունալների վճիռներ, Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումներ և այլն/ կամովին չի կատարվում, դուք կարող եք օրենքով սահմանված կարգով դիմել դատարան և ստանալ կատարողական թերթ՝ դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող դատական ակտերի հարկադիր կատարումն /ԴԱՀԿ/ ապահովող ծառայությունը, իսկ դատական ակտերի հարկադիր կատարման կարգը, կատարողական գործողությունները, կատարողական վարույթի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  ՀՀ օրենքով: 

Կատարողական թերթը ԴԱՀԿ ապահովող ծառայություն ներկայացնելուց հետո, հարկադիր կատարողը եռօրյա ժամկետում հարուցում է կատարողական վարույթ, որից հետո հայտարարագիր է վերցնում պարտապանից նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով, եթե կատարողական վարույթ հարուցելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պարտապանը չի կատարում կատարողական թերթի պահանջները: Ընդ որում՝ պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Կատարողական գործողությունների կատարման նպատակով հարկադիր կատարողն իրավունք ունի անարգել մուտք գործելու պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն:

Կատարողական թերթի պահանջները կատարելու նպատակով բռնագանձում է տարածվում պարտապանի գույքի վրա, որը ներառում է.

- գույքի վրա արգելանք դնելը,

 - այն առգրավելը, 

 -և հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք):

Կատարողական թերթով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա, իսկ եթե պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար չկան անհրաժեշտ դրամական միջոցներ, ապա բռնագանձումը տարածվում է պարտապանին պատկանող այլ գույքի վրա:

 Պարտապան ֆիզիկական անձի գույքի վրա բռնագանձումը տարածվում է հետևյալ հերթականությամբ.

ա) շարժական գույք,

բ) անշարժ գույք:

Եթե պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար, կամ կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ, ապա բռնագանձումը կարող է տարածվել պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա, սակայն աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը: Պահանջը բավարարելու նպատակով կարող է բռնագանձում տարածվել նաև Պարտապանի պետական կենսաթոշակի վրա, սակայն պահումները կարող են կատարվել  երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:

                                                                                                             

Կատեգորիա: Դատական ակտերի հարկադիր կատարում | Ավելացրեց: իրավաբան (27.11.2014)
Դիտումներ: 2155 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar