Գլխավոր էջ » Հոդվածներ » Քաղաքացիական դատավարություն » Սնանկություն |
«Սնանկության մասին» ՀՀ օրենքը սահմանում է այն դեպքերը, երբ պարտապանը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով, երբ վերջինս անվճարունակ է: Ընդ որում՝ օրենքը տարանջատում է սնանկության դիմում ներկայացնելու երկու ձև՝ կամավոր, երբ անձը սնանկության է գնում սեփական նախաձեռնությամբ և հարկադրված, երբ անձին սնանկ ճանաչելու դիմումը ներկայացնում է պարտատերը: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում է պարտատիրոջ նախաձեռնությամբ անձին սնանկ ճանաչելու հնարավորությունը, մասնավորապես. եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Ընդ որում՝ վճարային պարտավորությունն համարվում է անվիճելի է, եթե անձը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն` ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը, բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը), գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը), դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: Այսինքն, եթե անձն ունի նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող վճարային պարտավորություն և թույլ է տալիս նշված պարտավորության 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, ապա վերջինս կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով պարտատիրոջ նախաձեռնությամբ: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում է նաև այն դեպքերը, երբ անձը կարող է սեփական նախաձեռնությամբ դիմում ներկայացնել դատարան սնանկ ճանաչվելու համար, մասնավորապես. ա/ իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը, բ/ ֆիզիկական անձի դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն) պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը, գ/ իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ պարտապանի հանրային իրավական դրամական պահանջներով կատարման ենթակա պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը, դ/ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն) պարտապանի հանրային իրավական դրամական պահանջներով կատարման ենթակա պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը ։
| |
Դիտումներ: 1947 | Մեկնաբանություններ: 2 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |
| |