Գլխավոր էջ » Հոդվածներ » Քրեական իրավունք և դատավարություն » Քրեական դատավարություն |
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցների շրջանակը: Կալանավորումը` որպես խափանման միջոց համարվում է ամենախիստը: Այս խափանման միջոցը կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ: Կալանավորումն օրենքով նախատեսված տեղերում և պայմաններում անձին կալանքի տակ պահելն է: Որպես խափանման միջոց կալանավորումը կիրառվում է միայն դատարանի որոշմամբ քննիչի կամ դատախազի միջնորդությամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննման նախաքննության կատարման վայրի դատարանում, դատավորի կողմից միանձնյա` միջնորդություն ներկայացրած անձի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին: Ժամանակին ծանուցված ազատության մեջ գտնվող մեղադրյալի կամ պաշտպանի չներկայանալը չի խոչընդոտում միջնորդության քննմանը: Դատարանը պարտավոր է դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցել միջնորդություն ներկայացրած անձին, մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին, եթե նա մասնակցում է գործին: Միջնորդության քննության արդյունքում դատարանը որոշում է կայացնում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ կամ կալանավորման միջնորդությունը մերժելու վերաբերյալը: Ընդ որում` դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված: Իսկ այն դեպքերում, երբ դատարանը կայացրել է կալանավորման միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում, կալանավորելու միջնորդությամբ կրկին դատարան դիմելը հնարավոր է միայն կալանավորումը հիմնավորող նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի համաձայն` կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը և, ճանաչելով նման ազատման հնարավորությունը, նշանակում է գրավի գումարը: Ընդ որում, պաշտպանության կողմը հետգայում իրավունք ունի միջնորդություն հարուցել դատարան գրավի կիրառման անթույլատրելիության կամ գրավի գումարի վերանայման խնդրանքով: Կալանավորումը` որպես խափանման միջոց կարող է կիրառվել այն դեպքում, երբ մեղադրյալը մեղադրվում է այնպիսի հանցանքի համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է ` 1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից. 2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով. 3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք. 4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց. 5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը: Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է նաև կալանքի տակ պահելու հստակ ժամկետներ: Մասնավորապես, մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի: Սակայն նշված ժամկետը, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև 6 ամիս, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ մինչև 12 ամիս։ | |
Դիտումներ: 732 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |