Գլխավոր էջ » Հոդվածներ » Քաղաքացիական իրավունք » Մտավոր սեփականություն

Հեղինակային իրավունքը և դրա պաշտպանությունը

ՀՀ սահմանադրության 40-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու և հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք: Սահմանդրությամբ ճանաչված ստեղծագործելու իրավունքի պաշտպանությանն են ուղղված ՀՀ օրենսդրական մի շարք նորմեր։ Այդպիսի նորմեր են նաև հեղինակային իրավունքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները։

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1111-րդ հոդվածի համաձայն՝ հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա` անկախ ստեղծագործության նշանակությունից ու արժանիքներից, ինչպես նաև այն արտահայտելու եղանակից: Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա:

Այսինքն, հեղինակային իրավունքը տարածվում է մարդու ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ցանկացած ստեղծագործության վրա՝  անկախ դրա արժանիքներից, արտահայտելու եղանակից, հրապարակված լինելու հանգամանքից։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով ստեծագործությունը կարող է համարվել մտավեր սեփականության օբյեկտ և ենթակա է պաշտպանության, եթե  արտահայտված է գրավոր, բանավոր կամ այն ընկալելու հնարավորության թույլատրող այլ օբյեկտիվ ձևով։ Ընդ որում՝  գրավոր կամ այլ կերպ նյութական կրիչի (ձեռագրի, մեքենագրի, նոտագրի, տեխնիկական միջոցների օգնությամբ ամրակայված` ներառյալ ձայնագրությամբ կամ տեսագրությամբ արտահայտված, երկչափ կամ ծավալային-տարածքային ձևով պատկերի վրա ամրագրված և այլն) վրա արտահայտված ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող` անկախ երրորդ անձանց համար այն մատչելի լինելուց:

Սակայն հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է նաև հեղինակային իրավունքի օբյեկտների շրջանակը։ Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1112-րդ հոդվածի համաձայն՝ հեղինակային իրավունքի օբյեկտներ են՝ 1) գրական (գրական-գեղարվեստական, գիտական, ուսումնական, հրապարակախոսական և այլ) ստեղծագործությունները,2) դրամատիկական և սցենարային ստեղծագործությունները,3) տեքստով և առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները, 4) երաժշտական դրամատիկական ստեղծագործությունները, 5) պարարվեստի ստեղծագործությունները և մնջախաղերը, 6) տեսալսողական ստեղծագործությունները (կինոֆիլմերը, հեռուստաֆիլմերը և տեսաֆիլմերը, տեսասլայդային ֆիլմերը, դիաֆիլմերը և այլ կինո, հեռուստատեսային և տեսաստեղծագործությունները), ռադիոստեղծագործությունները, 7) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի և կերպարվեստի այլ ստեղծագործությունները, 8) դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները, 9) ճարտարապետության, քաղաքաշինության և այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները, 10) լուսանկարչական ստեղծագործությունները և լուսանկարչությանը նմանօրինակ եղանակներով ստացված ստեղծագործությունները, 11) աշխարհագրությանը, տոպոգրաֆիային և այլ գիտություններին վերաբերող աշխարհագրական, երկրաբանական ու այլ քարտեզները, նախագծերը, էսքիզները և պլաստիկ ստեղծագործությունները, 12) համակարգչային ծրագրերը,13) տառատեսակները և այլն։

Հեղինակային իրավունքի օբյեկտ չեն համարվում ՝ 1) պաշտոնական փաստաթղթերը (օրենքները, որոշումները, վճիռները և այլն), ինչպես նաև դրանց պաշտոնական թարգմանությունները, 2) պաշտոնական խորհրդանիշները և նշանները (դրոշները, զինանշանները, շքանշանները, դրամանիշները և այլն), 3) ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները, 4) օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների մասին մամլո տեղեկատվության բնույթ ունեցող սովորական հաղորդումները, 5) առանց մարդու ստեղծագործական գործունեության` տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները, 6) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը։

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է ստեղծագործության ստեղծման փաստով: Ստեղծագործությունը համարվում է ստեղծված, եթե այն արտահայտված է ընկալելու հնարավորություն թույլատրող որևէ օբյեկտիվ ձևով և կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, ստեղծագործության գրանցումից և որևէ այլ գործողության կատարումից: Բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձը (հեղինակը կամ սույն օրենքով նախատեսված կարգով դրանք տիրապետող այլ անձը) հեղինակային իրավունքի մասին ծանուցելու նպատակով կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշանը, որը զետեղվում է ստեղծագործության բնօրինակի կամ յուրաքանչյուր օրինակի վրա և կազմված է՝

ա) շրջանագծի մեջ վերցված լատինական «C» տառից.

բ) բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձի անունից կամ անվանումից.

գ) ստեղծագործության առաջին լույսընծայման տարեթվից:

Օրենսդրությամբ կարգավորվում են նաև հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող ստեղծագործությունների օգտագործման կարգն ու պայմանները․ ինչպես նաև առանց հեղինակի թույտվության ստեղծագործությունն օգտագործելու հետ կապված հարաբերությունները։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1137-րդ հոդվածի համաձայն՝ առանց իրավատիրոջ թույլտվության` ստեղծագործությունն օգտագործող անձը պարտավոր է իրավատիրոջը հատուցել նրա կրած վնասները։ Իրավատիրոջ պահանջով նրան կարող է վճարվել՝

ա) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ`

բ) խախտման հետևանքով պատճառած փաստացի վնասին համարժեք հատուցում, ներառյալ` բաց թողնված օգուտը։

 

Կատեգորիա: Մտավոր սեփականություն | Ավելացրեց: իրավաբան (01.07.2015)
Դիտումներ: 725 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar